ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Լոռու մարզի Տաշիր քաղաքում իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
«Փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրամասի «Թթվասեր» և «Պանիր» արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: