«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան հարցաքննված անձինք: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ես տեղյակ եմ, որ մարդիկ հարցաքննվել են, բայց հստակ չեմ կարող ասել` «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը հարցաքննվե՞լ է կամ քաղաքո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկություն չեմ կարող փոխանցել, քանի որ նախաքննությունը շարունակվում է։ Մանրամասն տեղեկություններ կկարողանանք փոխանցել շատ ավելի ուշ»,- նշեց Թադևոսյանը։

Փրկարարները դեռևս աշխատում են դեպքի վայրում և դրանից հետո միայն հնարավոր կլինի փորձագիտական քննություններ կատարել, թե ինչի արդյունքում է եղել պայթյունը։
Պայթյունի հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնից մարմնական վնասվածքներով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, «Աստղիկ», «Էրեբունի», «Արմենիա», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Իզմիրլյան» և «Նաիրի» ԲԿ–ներ են տեղափոխվել ավելի քան 50 քաղաքացի։ Մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է։
Պայթյունի հետևանքով վնասվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում գտնվող բազմաթիվ տնտեսվարողների տաղավարներ, ինչպես նաև հարակից շինությունները։
Նշենք, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սուրմալուում» պայթյունի հետևանքով որոնվողների մեջ ՌԴ քաղաքացի կա
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 17 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։