«Սուրմալուի» պայթյունից մահացածների թիվը դարձավ 7. փրկարարները ևս մեկ դի են դուրս բերել

Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում
Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ևս մեկ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։