ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։ Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող աշխատանք՝ անհետ կորածների հայտնաբերման և արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ»,–ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։