ՀՀ առողջապահության նախարարը «Սուրմալուի» պայթյունից տուժածների մասին գրառում է արել

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը ցավակցել է մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին ու համբերություն մաղթել բոլորին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժածների վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում: Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն: Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին... Համբերություն բոլորիս...»,– գրել է նա։
Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, փրկարարներին, կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 19 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։