Անհետ կորածների թիվը հասել է 21-ի. «Սուրմալուի» պայթյունի վայրում նաև 5 իրանցու են փնտրում

«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Պայթյունի վայրում փնտրվող իրանցիներից մեկը երեխա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով որոնվող քաղաքացիների թիվը հասել է 21-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` 5-ը Իրանի քաղաքացիներն են, որոնցից մեկը` երեխա։
Թարմացված ցանկի համաձայն` որոնվում են Մարիամ Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի), Վանիա Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․), Էդրիս Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․), Քիոմարս Ֆաթհին (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․) և Մոնիրե Նադերին (ԻԻՀ քաղաքացի, ծննդյան տարեթիվը չի նշվում)։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։