ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները պայթյունի պահին չեն հասկացել, թե ինչ է կատարվում` շատերին թվացել է, թե երկրաշարժ է եղել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղի խաղալիքների խանութներից մեկի ղեկավարը նշեց, որ այդ պահին խանութից դուրս է եկել, առևտրի կենտրոնի առջև մեքենայի մեջ իր երկու անչափահաս երեխաներն են եղել։
«Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մեքենան ամբողջությամբ վնասվել է։ Երեխաները, բարեբախտաբար, շատ չեն տուժել` քերծվածքներ էին ստացել և առաջին բուժօգնությունից հետո դուրս են գրվել»,- ասաց տղամարդը։ Նրա խանութում գտնված աշխատակիցն էլ է հասցրել դուրս գալ շենքից` պայթյունի ուժեղ ձայն լսելով։
Մինչ այդ, ըստ տղամարդու, կասկածելի որևէ բան տեղի չի ունեցել։
Իսկ տիկին Սուսաննայի խանութը ներքևում` առաջին հարկում է եղել, այն հիմա մոխրի է վերածվել։
«Ես տեղում չէի, սակայն ամուսինս է ներսում եղել. նա մտածել է, թե երկրաշարժ է, և աշխատողների հետ արագ դուրս է եկել փողոց։ Խանութից դուրս գալիս վերևից քարեր են ընկել, ամուսնուս ճակատն է վնասվել։ Մեր կոշիկի խանութը դրանից հետո պայթել է` ապրանք չի մնացել»,- ասաց տիկին Սուսաննան։
Նա նշեց`րոպեներ անց, երբ դեպքի վայր է եկել, դեռ պայթուցիկների ձայներ էին լսվում։ Կնոջ խոսքով` հրավառ նյութերն իրավունք չունեին պահեստներում պահելու` դրանք պետք է մարդկանցից հեռու մի վայրում պահեին։
«Մենք Չինաստան ենք գնում-գալիս և նման բան չենք տեսել` բոլոր պահեստները դաշտերում են։ Չենք իմացել, որ հրավառության նյութեր էլ կան պահեստներում` գիտեինք, որ հագուստեղեն, կոշկեղեն կա։ Կարծում եմ` պետք է պետությունը փոխհատուցում տրամադրի, քանի որ այդքան չարչարվել ենք, դպրոցի սեզոնին ընդառաջ առևտուր ենք արել»,- ասաց կինը և ավելացրեց` լավ է, որ ամուսինն է ողջ մնացել։
Նշենք, որ մինչ այս պահը կառույցը դեռ մխում է, իսկ տեղում որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ նաև հեռացնում են կուտակված աղբը։ «Սուրմալուի» հարակից բոլոր խանութները փակ են` տարածքն ու անցուդարձը հսկում են ոստիկանները։
Դեպքի վայրում նաև որոնվողների հարազատներն են։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 17 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։