«Սուրմալուի» ոդիսականը. խոշոր հարկատուն հրդեհաշիջման ու ազդարարման համակարգ չունի

Պայթյունի վայրում
Խորհրդային տարիներին Երևանի Արշակունյաց 15 հասցեում աշխատած գործարանը ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես արտադրական շատ այլ տարածքներ, մասնավորեցվեց ու դարձավ միլիոնների եկամուտ բերող տոնավաճառ։
Sputnik
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից փլված 3500 քմ-անոց երկհարկանի շենքը՝
կահավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով ու հակածխային պաշտպանության համակարգով,
հանրային սննդի օբյեկտները հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր չեն ունեցել, եղածներն էլ չեն աշխատել,
շինություններում կրակմարիչներ չեն եղել,
դռները դեպի դուրս չեն բացվել,
հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով անցկացված են եղել օդային էլեկտրագծեր,
շինարարական հիմնատարրերը պատված չեն եղել հրապաշտպան լուծույթով,
կրպակաշարերը, տաղավարները տեղակայված են եղել շենքից 8մ-ից պակաս հեռավորության վրա,
արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյեկտների տարածքում հակահրդեհային ջրավազան չի եղել,
շենքերում չեն եղել հրշեջ ծորակներ` ներքին հակահրդեհային ջրացանցով։
Սրանք հակահրդեհային կանոնների այն բոլոր խախտումներն են, որոնց մասին ո՛չ «Սուրմալուում» աշխատող առևտրականները, ո՛չ այստեղ այցելող հազարավոր քաղաքացիները տեղյակ չէին ու պարտավոր էլ չէին տեղյակ լինել։
Փոխարենը այս ամենի մասին առնվազն 1.5 տարի տարի առաջ իմացել են քաղաքացիների հրդեհային անվտանգության համար պատասխանատու կառույցի աշխատակիցները։ Իմացել են, կազմել են արձանագրություն, տուգանքի որոշում կայացրել ու մոռացել։

Իսկ վերհիշել են միայն այսօր, երբ բոլոր այդ խախտումների պատճառով բռնկված ու մինչև հիմա չմարված հրդեհը կյանքեր է խլել, ճակատագրեր խեղել, մարդկանց զրկել աշխատանքից ու եկամտից։

Պայթյունից 1-2 ժամ անց ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շտապեց հայտարարել, որ այս բոլոր խախտումներն իրենց տեսուչներն արձանագրել են դեռ 2021թ-ի մարտ ամսին։ Բացահայտել են, տուգանել, հանձնարարել վերացնել խախտումները։ Բայց անցել է 1.5 տարի, իսկ իրենք դեռ չեն հասցրել վերստուգել` վերացվեցի՞ն, թե ոչ, այն դեպքում, երբ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է, որ «խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու» դեպքում դարձյալ տուգանել։
Ընդ որում, առաջին խախտման համար նախատեսված տուգանքը 25-50 հազար դրամ է, երկրորդի դեպքում` 50-100։
Իսկ գիտե՞ք ինչ արժե «Սուրմալու»-ում տարածքի վարձակալությունը. 10 քմ-անոց տաղավարը` ամիսը 40 000 դրամ (ըստ առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջի հայտարարության)։ Իսկ «Սուրմալուի» միայն փլուզված երկհարկանի շենքը 3500 քմ տարածք ուներ։
Ավելին` «Սուրմալու»-ի սեփականատեր «Երևանի պահածոների գործարանը» ՀՀ խոշոր հարկատուների ցանկում 1000-ի մեջ 288-ն է։ Այս տարվա առաջին եռամսյակում բյուջե է վճարել 421 650 000 դրամ։
Թե ինչու 1 տարի անց տեսչական մարմինը ստուգում չի կատարել, Sputnik Արմենիան այսօր ճշտել է տեսչական մարմնի մամուլի քարտուղարից։ Պարզվում է` սեփականատերը խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը` «հաշվի առնելով, որ ընկերության կազմում կան բազմաթիվ առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներ»։
Բացի այդ` տեսչական մարմնի ստուգումները շատ են, չեն հասցրել։
Հիմա գանք «Սուրմալուի» սեփականատիրոջը. այսօրվա առևտրի կենտրոնի սեփականատերը Երևանի պահածոների նախկին գործարանն է, կամ ավելի ճիշտ` գործարանի վերջին տնօրենը։
Խորհրդային տարիներին Երևանի Արշակունյաց 15 հասցեում աշխատած գործարանը ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես արտադրական շատ այլ տարածքներ, մասնավորեցվեց։
Նոր սեփականատեր դարձավ գործարանի տնօրեն Ռազմիկ Զախարյանը։
Նա ծնվել է 1936 թ. ապրիլի 27-ին։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ընտրվել Կամոյի շրջանային խորհրդի պատգամավոր։ Եղել է Երեւանի պահածոների գործարանի տնօրեն։ Իսկ 1991թ-ին եղել է ԳԽ առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ։
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, 1996թ-ի հունվարի 31-ին պահածոների գործարանը գրանցվել է որպես «Երևանի պահածոների գործարան» ԲԲԸ, իսկ 2005թ-ի հուլիսի 11-ին դարձել ՓԲԸ ու այդ կարգավիճակով գործում է մինչև այսօր։ Այն տարբերությամբ, որ գործարանի արտադրական տարածքի տեղում նոր սեփականատերը բացեց ամենասովորական տոնավաճառ, ինչպիսիք այդ տարիներին գործում էին Մալաթիայի շուկայում, «Հրազդան» մարզադաշտում, Ֆիրդուսի շուկայում, Գնունի փողոցում ու այլ վայրերում։ Դրանցից մի քանիսն այսօր էլ գործում են, ու երևի նաև ստուգվում տեսչական մարմինների կողմից։