ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այս պահին «Սուրմալուում» 20 քաղաքացու են փնտրում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ահազանգ ունենք, որ 20 անձի փնտրում են իրենց հարազատները»,- ասաց Կոստանյանը։
Միաժամանակ, «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է, որ ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը դուրս է գրվել հիվանդանոցից։
Իսկ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Նշվում է, որ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:
ԱՆ-ից հայտնում են նաև, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։