ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման համար մեղադրվող ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։
«Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ փաստերի, դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին»,– գրել է փաստաբանը։
Ոսկանյանը նաև հայտնում է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ քրեական դատարանում։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին Սուրեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:
Մինչ այդ, հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օգոստոսի 2–ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է և շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, իսկ օգոստոսի 11–ին հայտարարեց, որ իր հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։