Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից 10 մարդու են հանել

Պայթյունի վայրում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։ Նշվում է 51 տուժածների ու մեկ զոհի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները 10 մարդու են հանել փլատակների տակից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ 10 անձի են հանել փլատակների տակից։ Սակայն որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասաց Կոստանյանը։

Հարցին, թե կա՞ հավանականություն, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան` Կոստանյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ոչինչ ասել։
Հավելենք, որ ժամը 18։00-ի դրությամբ բուժհաստատություններից դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։ Նշվում է 51 տուժածների ու մեկ զոհի մասին։