ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։
Այս մասին նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
«Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում»,- նշում են կենտրոնից։
ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայման պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։
Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։46-ին ԱԻՆ-ը ահազանգեր է ստացել, որ պայթուցիկներ են տեղադրված Երևանի մետրոյի բոլոր կայարաններում, ԱԺ-ի շենքում, կենդանաբանական այգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Երևանի բոլոր առևտրի կենտրոններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում։