Պայթուցիկի ահազանգեր են ստացվել ԱԺ–ի, ԱԿ-ների, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին

ԱԻՆ հեռախոսազանգերի կենտրոն
Վերջին անգամ Երևանի մետրոպոլիտենի, ԱԺ–ի, Երևանի առևտրի կենտրոնների տարածքում պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգ ստացվել էր ս.թ. օգոստոսի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱԻՆ–ը պայթուցիկների տեղադրման մասին ահազանգեր է ստացել ոչ միայն Երևանի մետրոյի բոլոր կայարանների, այլև ԱԺ–ի, կենդանաբանական այգու, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Երևանի բոլոր առևտրի կենտրոնների, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտների մասին։
ԱԻՆ հաղորդագրության համաձայն, ահազանգն ստացվել է այսօր ժամը 16։46-ին։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։ Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ»,– հայտնում են ԱԻՆ–ից։
Ինչպես արդեն հայտնել ենք` Երևանի մետրոպոլիտենն այժմ փակ է, ուղևորները տարհանվում են։ Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ահազանգ է ստացվել բոլոր կայարաններում պայթուցիկ սարքերի առկայության մասին։
Հիշեցնենք` վերջին անգամ Երևանի մետրոպոլիտենի, ԱԺ–ի, Երևանի առևտրի կենտրոնների տարածքում պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգ ստացվել էր օգոստոսի 2-ին։ Ավելի ուշ տեղեկությունը հերքվել էր։