Պայթյունը պատահական չէր․ մասնագետը՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցածի ու կեղծ ահազանգերի մասին

Գեներալ-մայորի կարծիքով՝ ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևում մարդկանց վախի, լարվածության, տագնապայնության մթնոլորտում պահելու ցանկությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ Այն իրավիճակը, որն այսօր ունենք, Հայաստանում տիրող անարխիայի հետևանք է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ խոսելով այսօր տեղի ունեցած «Սուրմալուի» պայթյունի և ռումբերի կեղծ ահազանգերի մասին։
«Ոստիկանությունը, ուժային կառույցներն այսօր բացարձակ անգործության են մատնված և զբաղված են մեկ անձի պաշտպանությամբ»,- նշեց գեներալ-մայորը։
Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը Թաթուլ Պետրոսյանին կասկածելի է թվում։
«Միգուցե սխալվում եմ, բայց որքան եթերով նայել եմ պայթյունի կադրերը, իմ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ ինքն իրեն նման պայթյուն լիներ, պայթյունն առաջացրել են դիտավորությամբ այնպիսի տեղում, որտեղ պայթուցիկ նյութեր կան։ Կարծում եմ՝ նպատակը մեր ուշադրությունը շեղելն է»,- նշեց գեներալ-մայորը։
Նրա խոսքով՝ ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևում մարդկանց վախի, լարվածության, տագնապայնության մթնոլորտում պահելու ցանկությունն է։
«Այս ամենը պլանավորված է իրենց կողմից, բառիս բուն իմաստով։ Ժամանակին եթե լինում էին կեղծ ահազանգեր, օրինակ, ահաբեկչության մասին, երեքից երկուսը բացահայտվում էին, ընդ որում, այն ժամանակ տեխնիկական հնարավորություններն ավելի թույլ էին, քան հիմա, բայց հիմա չեն ուզում ոչինչ բացահայտել»,- նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ թեպետ ոստիկանությունը տեխնիկական այնպիսի զինվածություն չունի, որ կարողանա հայտնաբերել կեղծ ահազանգերի հեղինակներին, բայց Ազգային անվտանգության ծառայությունը, վստահաբար, ունի։ Այլ հարց է, թե ինչու այսքան ժամանակ բացահայտումներ չեն արվում։ Վստահ է՝ վերևներին ձեռնտու է, որ մարդիկ պայթյունավտանգ իրավիճակում իրենց զգան, որ հանգիստ համաձայնեն ցանկացած զիջման։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան
«Նախկինում դեպք է եղել, որ ահազանգ է ստացվել, թե շենքի տակ ռումբ կա։ Շենքից շատերը դուրս չեն եկել, որովհետև ակնկալում էին՝ դա սուտ է։ Այսօր, քանի որ թուրքն այսքնա մոտեցել է մեզ, մարդիկ արդեն վախենում են։ Սա այսօրվա իշխանությունն է արել՝ վախ է ներշնչել մարդկանց»։
Ասում է՝ հիմա անգամ իրենց տանը նստած մարդիկ, երբ հեռվում հրավառության ձայն են լսում, տագնապի զգացում են ունենում՝ արդյոք կրակո՞ց չէր։ Այսինքն՝ մարդկանց մոտ տագնապայնությունն ավելի բարձր է։