Ինչու՞ են պայթյունի վայրում փրկարարական աշխատանքները դանդաղ ընթանում․ պարզաբանում

«Սուրմալուի» պայթյունի վայրում
Պարբերաբար լռության րոպե է հայտարարվում՝ փլատակների տակ մնացած մարդկանց ձայն լսելու համար, աշխատանքները կատարվում են ձեռքով՝ առանց ծանր տեխնիկայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ Որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբար, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ արձագանքելով քաղաքացիների հարցերին և մտահոգությանը, որ «Սուրմալուի» պայթյունի վայրում աշխատանքները դանդաղ են առաջ գնում։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները կատարվում են ձեռքով։
«Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։ Միաժամանակ՝ խորքում կրակը չի մարել, և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին»,- գրել է Սարդարյանը։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։