Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար. կաթողիկոս

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ. Արխիվային լուսանկար
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։
Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշված է.
«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:
Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 61-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: