Առողջապահության նախարարությունը պարզաբանել է պայթյունից տուժած երեխաների մասին լուրերը

Արխիվային լուսանկար
Տուժած երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Առողջապահության նախարարությունը պարզաբանել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեխաների մասին տեղեկությունները։
«Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում»,– ասված է պարզաբանման մեջ։
Տուժած երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ԱՆ–ի` դեպքից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10 անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել:
Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։ Նշվում է 34 տուժածի ու մեկ զոհի մասին։