ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի իշխանությունները հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ՋԷԿ–ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Էներգոդարի վարչակազմից։
«Մեկ օր լռելուց հետո Ուկրաինայի ազգայնականները հրետակոծության են ենթարկել Զապորոժիեի ՋԷԿ–ի շրջանը։ Կայանի հարակից տարածքի ուղղությամբ 9 հրետանային արկ է արձակվել», – ասել է վարչակազմի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ այս պահին ճշտվում է` ինչ վնասվածքներ են հասցվել կայանին։
«Կարևոր է նշել, որ ուկրաինական հրամանատարությունը մանրակրկիտ ծրագրել էր հրետակոծությունը։ Այդ մասին վկայում է այն փաստը, որ կրակ բացելուց մեկ ժամ առաջ համացանցում սկսել են հաղորդագրություններ տարածել այն մասին, որ տվյալ շրջանում ՌԴ ԶՈւ–ն մտադիր է սադրանքների դիմել», – հավելել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։