Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել F-16 կործանիչների գնման հարցը. ԶԼՄ

F-4E. Արխիվային լուսանկար
Թուրքիան չի ցանկանում, որ այս խնդիրը երկարատև ընթացակարգերի և ձգձգվող գործընթացների միջով անցնի, այդ իսկ պատճառով բանակցում է Պենտագոնի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Թուրքիան դեմ է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացի հետաձգմանը և Պենտագոնից պահանջում է այդ հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին։ Տեղեկությունը հայտնում է Sabah թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 հատ F-16 կործանիչ և վերանորոգել իր զինանոցում գտնվող ևս 80 կործանիչ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ակնկալում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար։ Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են արտահայտվել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն։

Թերևս Հունաստանն է ամենաշատը դեմ այդ գործարքին։ Հենց դա էլ դարձել է այն պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։
«Թուրքիան չի ցանկանում, որ այս խնդիրը երկարատև ընթացակարգերի և ձգձգվող գործընթացների միջով անցնի, այդ իսկ պատճառով բանակցում է Պենտագոնի հետ և պահանջում, որպեսզի հարցը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին»,- գրում է թերթը։
Թերթը պարզաբանում է, որ եթե այս մեթոդը կիրառվի, Կոնգրեսը պետք է որոշակի ժամկետում հաստատի գնման հարցը։