ՌԱԴԻՈ

Փորձում են կանխել վարորդների զեղծարարությունը. Քեյանը` սթափության կարգի փոփոխության մասին

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարորդների սթափության վիճակը որոշելու կարգում արձանագրված փոփոխությանը։
Sputnik

Վարորդների սթափության ստուգման ձևաչափը փոխվել է, քանի որ այն նախկինում թողնում էր կոռուպցիոն սողանքներ, մինչդեռ հիմա անբարեխիղճ վարորդներն ավելի զգույշ կլինեն, այլևս չեն կարողանա դիմել զեղծարարության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վերջին փոփոխությունների մասին նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարել վարորդների սթափության վիճակը որոշելու կարգում, որի համաձայն` բուժհաստատություններն այսուհետ սթափության որոշման համար կկիրառեն միայն արյան ու մեզի փորձաքննության տարբերակները, քանի որ ոստիկանության ծառայողները արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության փորձաքննություն կատարում են հենց դեպքի վայրում։
«Խնդիրն այն է, որ երբ ճանապարհային ոստիկանների կողմից նախկինում կազմվում էր վարորդի սթափությանն առնչվող արձանագրություն, շատ քաղաքացիներ նրանց ներկայությամբ սարքի մեջ արտաշնչելուց հետո որոշ ժամանակ անց գնում էին բուժհաստատություն և նույն գործողությունը կատարում այնտեղ, ինչի արդյունքում լինում էին տարբեր եզրակացություններ, և հնարավոր չէր լինում պարզել, թե որ կառույցի արձանագրությունն էր հավաստի ու հիմնավոր»,– պարզաբանեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարը։
Ըստ Քեյանի` առաջանում էին կասկածներ, թե քաղաքացիներն իրականում անցնու՞մ էին արդյոք փորձաքննությունը բուժհիմնարկում, արդյո՞ք նույն մարդիկ էին հետազոտվում, թե՞ ոչ։ Արդյունքում դատական կարգով բողոքարկելիս որոշումները բեկանվում էին ապացույցների անբավարարության հիմնավորմամբ, քանի որ հիմք էր ընդունվում բժշկի տեղեկանքը, իսկ այդ տեղեկանքում նշված եզրակացության իսկությունը ստուգելու միջոց չկար:
«Եթե վարորդները չեն վստահում ոստիկանական սարքերին, կասկածում են դրանց տվյալների իսկությանն ու հիմնավորմանը, ապա կարող են համապատասխան բուժհաստատություններում ենթարկվել այլ մեթոդներով հետազոտության` տվյալ դեպքում հանձնելով արյան ու մեզի անալիզներ»,– հիշեցրեց Քեյանը։
Նրա դիտարկմամբ` կառավարությունն ու ոստիկանությունը փաստորեն տվյալ քայլով փորձում են կանխել վարորդների զեղծարարությունը, քանի որ նախորդ կարգավորումն իրավախախտ վարորդին տույժից խուսափելու հնարավորություն էր տալիս, իսկ բժիշկի անբարեխիղճ աշխատանքը թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում հնարավոր չէր ապացուցել:
Նշենք, որ գործող կարգով փորձանմուշները 8 ամիս են պահվում:
Նոր կարգավորման համաձայն` բուժհիմնարկներում արյան և մեզի կրկնակի հետազոտության փորձանմուշներն այսուհետ պետք է պահվեն մինչև տվյալ վարույթի ավարտն ու վերջնական որոշման ընդունումը։