Ինչպես է Անդրեյ Պաստուխովը հետազոտել հայկական լեռները. քարե ինքնագրի պատմությունը

Ռուսական տան խումբն Արագածի գագաթին. Արխիվային լուսանկար
Արագածի արևմտյան գագաթին կա մի քար, որը դժվար է գտնել, բայց հեշտ է կորցնել (Ելենա Շուվաևա-Պետրոսյանը հաստատում է)։ Դրա վրա գրված է «Пастуховъ 1893»։ Այն հայտնի լեռնագնաց և քարտեզագիր Անդրեյ Պաստուխովի ինքնագիրն է, նրա քարտեզներն արդիական են նույնիսկ XXI դարում:
Sputnik
Անդրեյ Պաստուխովը 1876թ -ին (16 տարեկանում) ձիերի բուծարանում դպիր էր աշխատում (համաձայնեք` երազանքի աշխատանք չէ)։ Հետո ճակատագրի բերումով նրա կյանքում հայտնվում է տեղագիր Սիդորովը, որը եկել էր իրենց տեղանքի հնացած քարտեզը շտկելու։ Պատանին այնքան է տարվում տեղագրությամբ, որ մեկ տարի անց փայլուն քննություն է հանձնում Սանկտ Պետերբուրգի ռազմական վարժարանում և ընդունվում ռազմական տեղագրողների կորպուս՝ ընդգրկվելով ուսումնական թիմում:
Հրամանատարությունն ուշադրություն է դարձնում նրա ունակություններին, և 1879 թվականի ապրիլին կարգադրություն է տրվում Պաստուխովին ենթասպա դարձնել և Կուրլյանդսկի նահանգի տեղագրական նկարահանման գործում ներգրավել։ Բայց նա երազում էր ռազմական կարիերայի մասին ու մի կերպ հրաժարվում է նշանակումից և շուտով ծառայության նշանակվում Կովկասյան ռազմական օկրուգի ռազմա-տեղագրական բաժնում՝ Թիֆլիսում։
Պաստուխովը զբաղվում էր տեղագրմամբ և քարտեզագրմամբ, բայց նրա մասին սկսեցին խոսել, երբ 1890 թվականին իր առաջին վերելքը կատարեց Էլբրուսի արևմտյան գագաթ։ Հետո նա երկու անգամ բարձրացավ Արագած (1893, 1895թթ), երեք անգամ՝ Արարատ (1893, 1894, 1895), երկու անգամ՝ Սիս (1893, 1895)։
Անդրեյ Պաստուխովը
Ահա և Արագած իր առաջին վերելքի ժամանակ Պաստուխովն արևմտյան գագաթին թողեց իր ինքնագիրը, որը պատահաբար հայտնաբերել է Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի համակարգող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։ Արագածի վերելքներն իրականացվել են հայ-ռուսական գործընկերության շրջանակում ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների մուլտիմեդիոն քարտեզների ստեղծման համար:
«Ես մի քանի տարի առաջ ուշադրություն էի դարձել այս քարին, բայց հաջորդ վերելքի ժամանակ չգտա այն։ Ամբողջ գագաթը ստուգեցի` չկար։ Հաջորդ անգամ ձյունը շատ էր, անիմաստ էր փնտրել։ 2022 թվականի հուլիսի վերջի վերելքին, երբ արդեն հետ էի գալիս, աչքովս ընկավ. այն իր տեղում էր։ Մոտ մի մետրանոց խորանարդ էր, կարող է՝ մի քիչ փոքր»,- ասաց Ելենան։
Անդրեյ Պաստուխովի քարը Արագածի գագաթին
Ի դեպ, ռուս-թուրքական պատերազմների շրջանում հենց Արագածի արևմտյան գագաթին էին տեղակայված ռուսական կայսերական բանակի դիտորդները. այնտեղից հարմար է հետևել շրջակա տարածքին։
Բացի բուն քարտեզագրությունից, Պաստուխովը զբաղվել է նաև սառցադաշտերի հետազոտություններով։ Նրա եզրակացությունների համաձայն՝ Արագածի Լեսինգ (ծովի մակերևույթից 3200 մ) և Քարի (3207 մ) լճերը ձևավորվել են հնագույն սառցադաշտերի հալման արդյունքում։
Ելենե Շուկշինա– Պետրոսյանը Անդրեյ Պաստուխովի քարի մոտ
Ցավոք, Պաստուխովը քիչ է ապրել. նա իրեն չէր խնայում, և ֆիզիկական խիստ ծանրաբեռնվածությունը բացասաբար ազդեց առողջության վրա։ 1899-ի ամռանը ստիպված էր ընդհատել դաշտային սեզոնը և բուժման մեկնել Պյատիգորսկ։ Բժշկական զննության ժամանակ բժիշկները հին խոց էին հայտնաբերել: Պաստուխովը մահացել է Պյատիգորսկի հիվանդանոցում 1899 թվականի սեպտեմբերին, ընդամենը 39 տարեկանում: Համաձայն իր կտակի` նրան հուղարկավորել են Մաշուկ լեռան գագաթից մի քանի մետր հեռավորության վրա։
Ելենան պնդում է, որ Արագածի և Արարատի գագաթներին շատ քարե ինքնագրեր կան։ Հուսանք`մի օր մեկը դրանք կհավաքի ու կհետազոտի, չէ՞ որ այդ վկայություններով է նաև կազմվում հայկական ամենաբարձր գագաթների հետազոտության պատմությունը։