ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Գրող Սալման Ռուշդին, որի վրա հարձակում էր իրականացվել, շտապ վիրահատվել է և միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին։ Այս մասին հայտնում է New York Times թերթը` հղում անելով գրողի գործակալ Էնդրյու Ուայլիին։
«Նորություններն այդքան էլ լավը չեն։ Սալմանը, ըստ ամենայնի, կկորցնի աչքը, ձեռքի նյարդերը կտրված են, լյարդը դանակով վնասվել է», – հայտնել է Ուայլին։
75-ամյա գրող Սալման Ռուշդիի վրա հարձակվել էին Չաուտոկվա քաղաքում, որտեղ գրողը պետք է դասախոսություն կարդար Chautauqua Institution կրթական կենտրոնում։ Միջոցառման մեկնարկից առաջ բեմ է դուրս եկել մի տղամարդ և գրողին դանակով և բռունցքով մի քանի հարված հասցրել։ Տղամարդը հարվածել է նաև հանդիպման կազմակերպիչ Ռալֆ Հենրի Ռիզային, ով այդ պահին Ռուշդիի հետ բեմում էր գտնվում։
Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը (1988) բողոք էր բարձրացրել մուսուլմանական աշխարհում, քանի որ այն հակաիսլամական են համարել. կերպարներից մեկը Մուհամեդ մարգարեին է հիշեցնում։ Այաթոլլա Հոմեյնին հրապարակավ անիծել էր Ռուշդիին և նրան մահապատժի դատապարտել, և ոչ միայն նրան, այլ բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն գրքի լույս ընծայման հետ։ Նրա գիրքը արգելվել էր մի շարք երկրներում։
Երկար ժամանակ Ռուշդին ստիպված թաքնվում էր, հանրության առաջ բավական հազվադեպ էր հայտնվում, այն էլ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։