ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Արցախում 44–օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։
Նշվում է, որ աջակցության պետական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են Արցախի պաշտպանության համար զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների, մահացած կամ անհայտ բացակայող քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների՝ 39, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամություն ունեցողների՝ 22, 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձանց՝ 239 անհատական գործեր։
Քննարկվել է նաև գործերով ներկայացված 349 անձանց՝ ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։
Քննարկվող անհատական գործերից 300-ի մասով կայացվել է 349 անձանց լրիվությամբ կամ մասնակի միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։ Անհատական 60 գործերով ներկայացված անձանց շահառու ճանաչելը, վնասի չափի հաստատումը և աջակցության սահմանումը մասամբ մերժվել կամ կասեցվել , քանի որ իրավահաստատող փաստաթղթերը գործող օրենսդրությանը չեն համապատասխանել: