Վրդովեցնող է. Տոկիոն ՌԴ դեսպանին չի հրավիրել Հիրոսիմայի և Նագասակիի միջոցառումներին

Հիրոսիմայի ու Նագասակիի իրադարձություններին նվիրված ավանդական հիշատակի արարողություն. Արխիվային լուսանկար
Ճապոնական քաղաքական վերնախավը ոչ միայն դիմում է դիվանագիտական կարգուկանոնի և մարդկային էթիկայի ընդունված նորմերի խախտմանը, այլև ցինիկաբար օգտագործում է սեփական պատմության ողբերգական էջերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հիրոսիմայի ու Նագասակիի իրադարձություններին նվիրված ավանդական հիշատակի արարողություններին Ռուսաստանի դեսպանի մասնակցության` Ճապոնիայի ղեկավարության մերժումը վրդովեցնող է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Նոզդրևը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ճապոնական իսթեբլիշմենթը ոչ միայն խախտում է դիվանագիտական կարգուկանոնի ու մարդկային էթիկայի ընդունված նորմերը, մենք նույնիսկ տեսնում ենք, թե ինչպես է Ճապոնիայի ղեկավարությունը պատրաստ իր կոնյունկտուրային քաղաքական նպատակներով ցինիկորեն օգտագործել սեփական երկրի պատմության ամենաողբերգական էջերը», - նշել է դիվանագետը Հիրոսիմայի ու Նագասակիի ողբերգությանը նվիրված ֆեդերացիայի խորհրդում կայացած կլոր սեղանի շրջանակում:
Նա ընդգծել է, որ ԱԳՆ-ն Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Գալուզինի Հիրոսիմայի ու Նագասակիի ավանդական հիշատակի արարողություններին մասնակցության մերժումը դիտարկում է որպես բացարձակ վրդովեցուցիչ փաստ:
1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուները ատոմային ռումբեր էին նետել ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Հիրոսիմայում ատոմային պայթյունի հետևանքով 350 հազար բնակչությունից 140 հազարը զոհվել էր, Նագասակիում՝ 74 հազարը: Ատոմային ռմբակոծության զոհերի ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին։ Օգոստոսի 6-ին և 9-ին Հիրոսիմայում և Նագասակիում «Խաղաղության արարողություններ» են տեղի ունենում։
Ճապոնիայում ատոմային ռմբակոծությունների զոհերի հիշատակի ամենամյա արարողություններին սովորաբար հրավիրվում են միջուկային տերությունների առաջնորդներն ու բոլոր երկրների դեսպանները: Սակայն այս անգամ Հիրոսիմայի ու Նագասակիի վարչակազմերը որոշել են Ուկրաինայի իրադրության լույսի ներքո չհրավիրել Ռուսաստանի ու Բելառուսի ներկայացուցիչներին: