Ուկրաինական զորքն ուզում է պայթեցնել կամուրջները Դնեպրոպետրովսկի մարզում և մեղադրել ՌԴ-ին

Միխայիլ Միզինցև. Արխիվային լուսանկար
Գեներալ Միզինցևի խոսքով` Կիևը մտադիր է ՌԴ ԶՈւ–ին մեղադրել տրանսպորտային կարևոր ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքն ականապատել է Դնեպրոպետրովսկի մարզի կամուրջները ու մտադիր է պայթեցնել դրանք` ՌԴ ԶՈւ–ին մեղադրելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Առկա հավաստի տեղեկությունների համաձայն` ուկրաինական զինված խմբավորումների գրոհայինները Դնեպրոպետրովսկի մարզի Զելյոնի Գայ և Միրոլյուբովկա բնակավայրերի մերձակայքում ականապատել են Սրեդնյայա Տերսա գետի վրայով անցնող կամուրջները, որոնք մտադիր են պայթեցնել և արդեն իսկ մշակված սցենարի համաձայն՝ ուկրաինական և արևմտյան ԶԼՄ–ներում լայն լուսաբանմամբ մեղադրել ՌԴ ստորաբաժանումներին տրանսպորտային կարևոր ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ», – ասել է գեներալը։
Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինական ուժերը հենակետեր են կահավորել Նիկոլաևի և Խարկովի բազմաբնակարանային բնակելի տներում։
Նրա խոսքով` Խարկովում բնակելի տների վերին և ստորին հարկերում տեղակայվել են ուկրաինական զորքերի և «Կրակեն» ազգայնական գումարտակի ստորաբաժանումները, սպառազինության և հրետանային ռազմամթերքի պահեստներ, տանիքներում էլ` դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի կրակային դիրքեր են կահավորվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 170-րդ օրը։