Ռուսական ՀՕՊ-ն օդում խոցել է HIMARS-ի 2 հրթիռ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի տարածքում շարունակվում են օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածները ռազմական օբյեկտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ն անցած մեկ օրվա ընթացքում օդում երկու HIMARS հրթիռ է խոցել նոր Կախովկայի շրջանում։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՕՊ միջոցները խոցել են նաև «ՕԼԽԱ» ՀԿՌՀ-ի չորս արկ և հինգ անօդաչու թռչող սարք՝ ԴԺՀ-ում և Խարկովի մարզում:

«Մեկ օրվա ընթացքում խոցվել է կառավարման հինգ կետ, այդ թվում՝ Խարկովի մարզի 4-րդ տանկային բրիգադը, տարածքային պաշտպանության 103-րդ բրիգադը՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաև կենդանի ուժ, սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա՝ 157 շրջաններում»,- ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ոչնչացվել է ուկրաինական ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստը, զինամթերքի վեց պահեստ ԴԺՀ-ում:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ոչնչացվել է Կիևի ռեժիմին մատակարարված ԱՄՆ արտադրության AN/MPQ-64 հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հակամարտկոցային պայքարի շրջանակում ճնշվել են ԴԺՀ-ի և Խերսոնի մարզի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չորս դասակներ: Կրակային դիրքերում խոցվել են «Ակացիա» հրանոթների՝ երկու և Դ-30 հաուբիցների չորս դասակներ։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հարվածները շարքից հանել են ուկրաինացի զինվորականների 56-րդ մոտոհրաձգային բրիգադի կենդանի ուժի ավելի քան 70 տոկոսը:
Նշվում է, որ այդ բրիգադի 23-րդ գումարտակի անձնակազմը ամբողջ կազմով ինքնակամ լքել է մարտական դիրքերը և մեկնել թիկունքի շրջաններ:
«Սոլեդարի շրջանում միութենական ուժերի հարձակողական գործողությունների արդյունքում ուկրաինական ԶՈւ-ի 14-րդ մեքենայացված բրիգադի կորուստները կազմել են ավելի քան 2 հազար մարդ։ Բրիգադի անձնակազմի մնացորդներն ուկրաինական հրամանատարության կողմից դուրս են բերվել թիկունքային շրջաններ»,- ասել են գերատեսչությունում։
Պուտինն անվտանգության հարցեր է քննարկել ԱԽ անդամների հետ
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 267 ինքնաթիռ, 146 ուղղաթիռ, 1732 անօդաչու թռչող սարք, 365 զենիթահրթիռային համալիր:
Նշվում է, որ ոչնչացվել են նաև գրեթե 4,3 հազար տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 797 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3290 հրանոթ և ականանետ, 4844 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 170-րդ օրը։