Կռիլով պապին ճիշտ էր. կառավարման ինչ համակարգ էլ ընտրեք՝ «դուք երաժիշտ դառնալ չեք»

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Սովետի փլուզումից հետո սկսված անցումային շրջանը Հայաստանում և Արցախում մինչև հիմա չի ավարտվել, ավելին, պետության հետ կապված էքսպերիմենտները պերմանենտ՝ մշտական են դարձել, թեև ակնհայտ դրական որևէ արդյունք առայժմ չենք տեսել։ Ավելին՝ էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր նպատակը ոչ թե արդյունքն է, այլ այսպես ասած՝ «գիտափորձերը» շարունակելը։
Վերցրեք Լեռնային Ղարաբաղը։ Թվում էր, թե գոնե Արցախը հեռու կմնա կառավարման տարբեր համակարգերի փորձարկումից։ Ավաղ։ Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանն ընտրեց պետական կառավարման խորհրդարանական տարբերակը, շատերը համոզված էին, որ նույնը կանեն նաև արցախցիները։ Ի՞նչ վարչապետական, Ստեփանակերտում որոշեցին, որ կիսապատերազմական վիճակում ամենահարմարը սուպերնախագահական համակարգն է, իսկ նախագահական և խորհրդարանական ընտրություններն անպայման պիտի կայանան նույն օրը։ Ամենևին չեմ ուզում քննարկել, թե ինչպես այս ամենն աշխատեց 44-օրյա պատերազմի ժամանակ, մանավանդ որ այսօր Արցախի հետ կապված մտահոգությունը բոլորովին այլ է՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի ճակատագիրը։
Բայց ախր, փորձարկումները շարունակվում են։ Արդեն հայտնի է, որ Արցախում սպասվում են սահմանադրական փոփոխություններ՝ ուզում են վերադառնալ կիսանախագահական համակարգին, ընտրություններն էլ իրարից առանձնացնել. հաջորդ տարի անցկացնել խորհրդարանի, իսկ 2024-ին՝ նախագահի ընտրություններ։ Էստեղ տրամաբանական հարց է ծագում։ Իսկ արդյոք մենք՝ հայաստանցիներս, նոր որակի պետություն ունեցա՞նք կառավարման համակարգի անխտիր բոլոր տեսակները փորձարկելուց հետո։
Տեսե՛ք։ Սկզբում՝ մինչև նախագահի պաշտոնի ստեղծումը, փաստորեն, պառլամենտական հանրապետություն էինք, հետո դարձանք նախագահական կամ կիսանախագահական, հիմա կրկին վերադարձել ենք խորհրդարանական համակարգին։ Բայց, ինչպես հեռուստագովազդներում են ասում, սա դեռ ամենը չէ՝ կրկին սկսվել են խոսակցությունները կիսանախագահական տարբերակին վերադառնալու մասին։
Հիմա հիշենք ներքին գործերի նախարարության արկածները։ Սկզբից ստեղծեցինք առանձին նախարարություն, հետո, չգիտես ինչու, որոշեցինք այն միավորել ազգային անվտանգության ծառայության հետ, չորս տարի անց հասկացանք, որ ինչ-որ տարօրինակ բան ենք արել, կրկին անջատեցինք, վերջապես իսպառ վերացրինք, ստեղծեցինք ոստիկանություն։
Թվում էր, թե խեղճ նախարարության տանջանքները դրանով ավարտվեցին, և այդ բազմաչարչար գերատեսչությունն արդեն ոչ ևս է։ Թերագնահատեցինք մեր պատգամավորների ստեղծագործական ունակությունները և ամեն ինչ բարեփոխելու անխոնջ ջանքերը։ Իշխանությունները մտադիր են վերածնել ներքին գործերի նախարարությունը՝ միավորելով ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կներեք, ինչպես ասում են՝ ոզնուն էլ պարզ է, թե որն է այս ամենի իրական նպատակը. ներքին գործերի նախարարությունը դառնում է քաղաքական կառույց, որը հաշվետու է խորհրդարանին, հետևաբար նախարարն էլ կարող է լինել իշխող թիմի անդամ։ Իսկ կբարձրանա՞ արդյոք ներքին գործերի համակարգի աշխատանքի արդյունավետությունը՝ դա ի՜նչ կապ ունի։
Միշտ հիշում եմ պետական հիմնարկներից մեկում աշխատելու տասնամյա փորձս։ Հենց որ հերթական անգամ տեսնում էի, որ միջանցքով սեղաններ ու աթոռներ են տեղափոխում մի սենյակից մյուսը, միանգամից հասկանում էի՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար նոր ղեկավարությունը որոշել է արմատական բարեփոխումներ իրականացնել՝ որոշ բաժիններ անջատել միմյանցից, որոշ բաժիններ, հակառակը, միացնել իրար։ Հետո գալիս էին ուրիշ ղեկավարներ, և միջանցքի սեղան-աթոռային եռուզեռը վերսկսվում էր հակառակ ուղղությամբ։
Ընդհանրապես, մասնագետների կարծիքով, աշխատանքի արդյունավետության բարձրացման ճանապարհները ողջ աշխարհում երեքն են։ Առաջին։ Պարզապես տարբեր մանիպուլյացիաների միջոցով համոզել բոլորին, որ ցուցանիշներն անընդհատ աճում են անհավատալի տեմպերով։ Օրինակ` այս տարվա թվերը համեմատել անցած տարվա հետ` համեստորեն լռելով, որ անցած տարի համավարակի պատճառով տվյալ բնագավառում էական անկում էր գրանցվել։ Երկրորդ։ Բարձրացնել յուրաքանչյուր աշխատողի արտադրողականությունը` ճիշտ կազմակերպելով նրա աշխատանքը և համալրելով ոլորտը իրոք գիտակ, փորձառու, ստեղծագործական ունակություններ ունեցող կադրերով։
Եվ երրորդ։ Պարզապես կառուցվածքային փոփոխություններ կատարել` հույս ունենալով, որ եթե միավորենք մշակույթը, գիտությունը, կրթությունը և սպորտը, անպայման ոսկի կշահենք՝ լինի դա Օսկար, թե օլիմպիական մեդալ։ Այս երեքից զարգացած երկրներն ընտրում են տաղանդավոր անձնակազմը, մենք՝ մանիպուլյացիաներն ու կառուցվածքային փոփոխությունները։
Դե եկ ու մի հիշիր Իվան Կռիլովի հանրահայտ առակներից մեկը՝ «Համերգը»՝ Աթաբեկ Խնկոյանի թարգմանությամբ.
«Իսկ դուք, բարի ընկերնե՜ր,
Հիմա և այլ անգամներ
Ինչպես էլ որ չնստեք,
Քաշեք, քսեք, քսմստեք,
Դուք երաժիշտ դառնալ չեք»…
Սահմանադրական հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք. Փաշինյան