ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Այսօր խոշորր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ժամը 16։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են 30-ամյա Կ․Ա․-ի վարած «Nissan Pathfinder» և 48-ամյա Ռ․Ղ․-ի վարած «Volkswagen Touareg» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով վերջինս շրջվել է և մոտ 5 մ գլորվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Կ. Ա․-ն և 38-ամյա ուղևոր Ա․ Ա․-ն հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ։
Փրկարարները վարորդ Ռ. Ղ․-ին, ուղևորներ 42-ամյա Ք․ Բ․-ին և 16-ամյա Է․ Դ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Նրանք ևս հոսպիտալացվել են Սիսիան քաղաքիի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Ա-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ռ. Ղ․-ինը, Ա. Ա․-ինը և Ք. Բ․-ինը՝ միջին ծանրության, իսկ Է. Դ․-ինը՝ բավարար: