ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ ՀԴԲ-ի գործակալները գաղտնի փաստաթղթերի 11 փաթեթ են գտել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում խուզարկության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Wall Street Journal-ը։
ՀԴԲ - ն առգրավել է փաստաթղթերի 4 փաթեթ՝ «միանգամայն գաղտնի», 3-ը՝ «գաղտնի», ևս 3-ն էլ՝ «կոնֆիդենցիալ» մակագրությամբ։ Առգրավված նյութերի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Բացի այդ, ՀԴԲ-ի գործակալները մոտ քսան տուփ են դուրս բերել, որոնց մեջ եղել են տարբեր առարկաներ, նյութեր, լուսանկարներ և ձեռագիր գրառումներ: Առգրավված առարկաների երեք էջանոց ցանկում նշվում է «Ֆրանսիայի նախագահի մասին» տեղեկատվությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տան խուզարկությունը մի քանի ժամ է տևել և ավարտվել փաստաթղթերի առգրավմամբ։
Թրամփը հայտարարել էր, որ ՀԴԲ-ի գործակալները խուզարկել են իր Մար-ա-Լագո կալվածքը։ New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ ՀԴԲ-ի ամենայն հավանականությամբ հետաքրքրել են փաստաթղթերը, որոնք Թրամփն իր հետ վերցրել էր Սպիտակ տնից։
Փետրվարին Washington Post պարբերականը հայտնել էր, որ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչության (NARA) աշխատակիցները նախկին նախագահի կալվածքից առգրավել են փաստաթղթերի մի քանի տուփ, որոնք նա դուրս էր բերել Սպիտակ տնից: