«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, եթե խաղերից հետո ակցիաները շարունակվեն

«Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դիմում են ֆուտբոլասերներին և խնդրում աջակցել իրենց կարգուկանոնի հաստատման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը, կարող է որակազրկվել, եթե ֆուտբոլասերները շարունակեն ֆուտբոլային հանդիպումներից հետո տարատեսակ ակցիաներ անել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` նշելով, որ այդ դեպքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում։
Նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետևանքներով:

«Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծ մասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաև մի շարք քաղաքական ակցիաներ: Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաև անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները:
Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին և դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, ՀՖՖ-ն դիմում է բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:
Մասնավորապես, ծնողներին կոչ են անում թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ, լրատվամիջոցներին` չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութեր և լուսանկարներ:
Տհաճ միջադեպ «Փյունիկի» խաղից հետո. ակումբի գլխավոր տնօրենը ներողություն է խնդրում