Չնայած որոշակի լարվածությանը` Արցախի շփման գծում հարաբերական կայունություն է եղել

Արցախ. Մարտակերտ. Արխիվային լուսանկար
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակվում են իրավիճակի հետագա կայունացման քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։

«Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է այսօր տարածված հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են իրավիճակի հետագա կայունացման քայլեր ձեռնարկել։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։