ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում տղամարդու արձակած կրակոցներից առնվազն 11 մարդ է զոհվել, կա 6 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Vijesti պարբերականը հայտնել էր, որ տղամարդը Ցետինեում սպանել և վիրավորել է մի քանի մարդու։ Նա քաղաքի պատմական կենտրոնում գտնվող իր տան մոտ սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ մոտ ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին): Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ամեն ինչ սկսվել է ընտանեկան վիճաբանությունից հետո։ Հաղորդվում է, որ նա ներխուժել է տներից մեկը, որտեղ այդ պահին գտնվել է ընտանիքը, սպանել նրանց, իսկ հետո դուրս է եկել փողոց՝ կրակելով բոլոր հանդիպող մարդկանց ուղղությամբ և թույլ չտալով, որ վիրավորներին շտապօգնություն մոտենա։
Տեղական որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ տուժածների թվում կան ոստիկաններ և երեխաներ: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը սպանվել է ոստիկանության կողմից փոխհրաձգության ժամանակ։ Ըստ այլ աղբյուրների էլ՝ տղամարդն ինքնասպանություն է գործել։
Հավելենք, որ Ցետինե քաղաքը Պոդգորիցայի հետ միասին Չեռնոգորիայի մայրաքաղաքներից է համարվում։ Այն երկրի մշակութային կենտրոնն է, որտեղ տեղակայված է նախագահի նստավայրը։