ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը, հայտնում է ՍԱՏՄ-ն։
ՍԱՏՄ տեսուչների իրականացրած վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում:
Գազավորված ըմպելիքի արտադրամաս Արմավիրում
«Հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ։ Արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում՝ հատակին եղել են ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գազավորված ըմպելիքի արտադրամաս Արմավիրում
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու և գործունեությունը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: