ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մրցելույթները սկսեց հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ»,- նշված է հաղորդագրությունում։
Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի ենթարկեց։ Ստեփանյանը մենամարտն ավարտեց 5։0 հաշվով։
Հավելենք, որ այսօր Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ են ելույթներ ունենալու։ 60 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը կմենամարտի Բուլղարիան ներկայացնող Ստիլիան Գեորգիևի հետ, 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կմրցի մոդովացի Գեորգի Դուգլեռի հետ, իսկ 70 կգ քաշային Հրաչ Խաչատրյանի մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Նաումենկոն է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: