Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են` երբ կկայանա Երևանի և Անկարայի հերթական հանդիպումը

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Վիեննայում. Արխիվային լուսանկար
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտարարել է, որ Անկարան դեմ է երրորդ երկրում հայկական կողմի հետ բանակցություններ անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը` հղում անելով ԱԳՆ-ի աղբյուրին։

«Հրատապ լուրեր. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի հետ հինգերորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սա փխրուն գործընթաց է, անհրաժեշտ է ամուր խաղաղության հասնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, Թուրքիան դեմ է Հայաստանի հետ հանդիպումն անցկացնել երրորդ երկրում։
«Սա թշնամիների հանդիպում չէ, անթույլատրելի է այն երրորդ երկրում անցկացնելը»,- նշել է նա։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտնեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։