Տաջիկստանում մեկնարկել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կազմակերպած զորավարժությունները

Տաջիկստանի բանակի զինծառայողները ՀԱՊԿ անդամ երկրների «Անխախտ եղբայրություն - 2021» զորավարժությունների բացման արարողությանը (8 նոյեմբերի, 2021թ). Թաթարստան
Զորավարժություններին մասնակցելու են ԱՄՆ–ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կազմակերպած «Տարածաշրջանային համագործակցություն-22» հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են Դուշանբեում և կտևեն մինչև օգոստոսի 20-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությանը։
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ–ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ներկայացուցիչները։
««Տարածաշրջանային համագործակցություն–22»–ը, լինելով Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների մասնակցությամբ ամերիկյան ամենամեծ զորավարժությունները, մեր հարաբերությունները այդ տարածաշրջանի գործընկերների հետ ամրապնդելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։ Զորավարժությունները տարածաշրջանային արդիական հարցերի լուծման հարթակ են, այդ թվում` գլոբալ մարտահրավերներին տրվող խաղաղ պատասխանների, տեղեկատվության փոխանակման և անվտանգության ոլորտում համագործակցության առումով», – հայտարարել է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ջոն Փոմերշայմը։
Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ կանցկացնեն Կարմիր ծովում
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումն է, զանգվածային ոչնչացման զենքեր, թմրանյութեր և «ահաբեկչական տարրեր» որսալու հնարավորությունների ավելացումը։ Վարժանքները կոչված են օգնելու միջազգային խաղաղապահ գործողություններում և տեղեկատվության փոխանակման հարցում տարածաշրջանային պաշտպանական ուժերի զարգացմանը։
Կորոնավիրուսի համավարակից առաջ «Տարածաշրջանային համագործակցություն» զորավարժությունները 2004 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում էին մասնակից երկրներից մեկում, այդ թվում` ԱՄՆ–ում։
Ղրղզստանում անցկացվել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Կոբալտ-2022» զորավարժությունները