ՊՆ-ն կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները

Արցախում ադրբեջանական կրակոցներից վնասված ավտոմեքենա. արխիվային լուսանկար
Պաշտոնական տվյալով` պատերազմում վնասված ու ոչնչացված մեքենաներից 7-ը տրամադրել են անհատ քաղաքացիները, 8-ը` մասնավոր ընկերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է փոխհատուցել 2020թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասները։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Նախագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության ներկայացրած տվյալների համաձայն` որոշումը վերաբերում է 17 ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված տրանսպորտային միջոցների, որոնցից 4-ը ոչնչացվել են, 2-ը վնասվել են այնպես, որ հնարավոր չէ վերականգնել, 11-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել։
Արդյունքում վնասի փոխհատուցման չափը հաշվարկվել է 31 103 000 դրամ։
Վերին Լարսով անցած հայկական ավտոմեքենաների թիվը 10 տոկոսով աճել է, բայց խնդիրը չի լուծվել
ՊՆ-ն ներկայացրել է նաև տրանսպորտային միջոցների ու դրանք տրամադրողների ցանկը, որի համաձայն` ՀՀ 7 քաղաքացիներ ՊՆ–ին են տրամադրել 1 «ՈւԱԶ», 3 «Կամազ», 2 «ԶԻԼ» և 1 «FORD TRANZIT» մակնիշի ավտոմեքենաներ։
Մասնավոր ընկերություններից «Աթենք» ՍՊԸ-ն տրամադրել է 1 «Կամազ», «Շարուր» ԱԿ–ն` 1 «ԶԻԼ», «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն` 1 «ՈւԱԶ», «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն` 2 «Միցուբիշի L200», «ՅՈւՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵԿՏ» ՍՊԸ-ն` 1 «FORD TRANZIT», «Էլբատ» ՓԲԸ-ն` 1 «Միցուբիշի L200», «Ապարանի ԷՑՇ» ԲԲԸ-ն` 1 «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՊՆ–ին է տրամադրել 1 «ՊԱԶ 32054» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` 1 «ՈւԱԶ PATRIOT»։
Վնասված ու ոչնչացված մեքենաների դիմաց փոխհատուցման գումարը կհատկացվի ՀՀ կառավարության` 2022 թվականի պահուստային ֆոնդից:
Կառավարությունը դարձյալ գումար հատկացրեց Տաթև-Աղվանի` ամիսներ առաջ քանդված ճանապարհի համար