Մոսկվան անհիմն է համարում խաղաղապահների հասցեին հնչող քննադատությունը. ՌԴ ԱԳՆ

Խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Խաղաղապահներն ակտիվ աշխատում են իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, նրանց դերն արդեն իսկ կարևորել են Երևանում և Բաքվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Մոսկվան անհիմն է համարում ՌԴ խաղաղապահ զորախմբի հասցեին հնչող մասնակի քննադատությունը։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Քաղաքական սերտ շփումների հետ մեկտեղ ակտիվ աշխատանք է տարվում նաև ՌԴ խաղաղապահների հետ, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասել է նա։

Ըստ նրա` և՛ Բաքվում, և՛ Երևանում բազմիցս ընդգծել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կարևոր դերը։
Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին և 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփվել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով` վերոնշյալ բոլոր հարցերը, այդ թվում Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը, քննարկվում են` և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի համար ընդունելի լուծման հասնելու համար։
Հաշվի առնելով, որ խնդիրը բավական զգայուն է, ռուսական կողմը քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները չի հայտնում։
Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։