Հորս առևանգման փաստով ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը. Խաչատուր Քոքոբելյան

Խաչատուր Քոքոբելյան
Խաչատուր Քոքոբելյանը ՀՅԴ իր գործընկերներից հստակ գնահատական է ակնկալում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է Խաչատուր Քոքոբելյանը։

«Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը ու ևս 2 հանցակից, նույն գործով կա ևս 2 ձերբակալված արտերկրում: Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Քոքոբելյանը նշել է, որ ՀՅԴ իր գործընկերներից հստակ գնահատական է ակնկալում։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավորի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26-ին էր դուրս եկել տնից և մի քանի օր չէր վերադարձել։