Հաշմանդամություն ունեցող անապահով անձինք 2024թ-ից անձնական օգնական կարող են ունենալ

Հաշմանդամի սայլակ
Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայություններից։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ասաց, որ անձնական օգնական կարող են ստանալ հենաշարժողական, տեսողական ու հոգեկան-մտավոր խնդիրներ ունեցող, ֆուկցիոնալության խոր սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում։
Հավաքվեց 8 մլն 123 հազար դրամ. զինհաշմանդամները կապել են «Արևագորգի» վերջին հանգույցները
«Այս պահին սահմանված է 10-ից բարձր անապահովության միավորը։ Սա կարող է վերանայվել, հատկապես անապահովության համակարգի վերանայման դեպքում»,- նշեց փոխնախարարը։
Նախարարության հաշվարկով` այս պահին նման հնարավոր շահառուների թիվը 2450 է։ Իսկ անձնական օգնական կարող է դառնալ ցանկացած չափահաս անձ, որը կանցնի համապատասխան որակավորում ու կհավաստագրվի։
«Անձնական օգնական կարող է լինել նաև ընտանիքի անդամը։ Սա շատ կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձն ունի 10 ժամից ավելի ծառայություն ստանալու կարիք»,- ասաց նա։
Անձնական օգնականի պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն անձի խնամքը, ուղեկցումը, այլև բնակության վայրի մաքրությունը, սննդի ու դեղորայքի գնումները։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈւՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։
Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։
Շուրջ 5 տարում հատուցում է տրամադրվել պատերազմի մոտ 5000 մասնակիցների ընտանիքների