ՌԱԴԻՈ

Հաշմանդամների անձնական օգնականներին վերաբերող նախագծում կան էական սխալներ. Ալավերդյան

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի` հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայություններից։
Sputnik
Վերջապես կառավարությունը քայլ է անում հաշմանդամների օգտին և մտածում անձնական օգնականի ինստիտուտ ներդնելու մասին, ինչը ողջունելի է, բայցևայնպես ներկայացված նախագծում կան բավականին շատ ու էական սխալներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստում ներկայացրել է օրենսդրական նախագիծ, որի համաձայն` անձնական օգնական կարող են ստանալ հենաշարժողական, տեսողական ու հոգեկան-մտավոր խնդիրներ ունեցող, ֆուկցիոնալության խոր սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում։
Հաշմանդամություն ունեցող երեխաների վրա՞ են խնայում. ինչ են պատասխանել ծնողների ահազանգին
«Բոլոր դեպքերում շատ սխալ է անձնական օգնականի տրամադրումը կապել հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական վիճակի հետ, որովհետև նախագծի համաձայն` 2024 թվականից միայն անապահով ընտանիքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան օգտվել այդ ծառայությունից, ուստի նման որոշումն անհավասարություն է դնում հաշմանդամություն ունեցող անձանց միջև, մինչդեռ անհատական օգնականի ինստիտուտը պետք է հարթի այդ անհավասարությունը, այլ ոչ թե լինի աջակցություն միայն անապահովներին»,– պարզաբանեց Ալավերդյանը։
Ըստ նրա` մյուս մտահոգիչ սխալն այն է, որ անհատական օգնականները պետք է ստանան համապատասխան որակավորում, անցնեն թրեյնինգներ, վերապատրաստում, մինչդեռ այդ մոտեցումը, Ալավերդյանի պնդմամբ, հակասում է անկախ կյանքի ամբողջ գաղափարին, որովհետև հաշմանդամություն ունեցող անձը կարող է իր օգնականի միակ և անկրկնելի դասատուն լինել, նա կարող է օգնական ընտրել առանց ցանկի ու որակավորման, կարող է ինքը սովորեցնել, թե ինչ է ուզում և ինչպես, ու ըստ այդմ ընդունել աշխատանքի իր նախընտրած թեկնածուին, հետևաբար ոչ ոք չպետք է սահմանափակի այդ հնարավորությունը։
«Եթե ծնողը տարիներ շարունակ օգնել է իր երեխային, ապա էլ ի՞նչ որակավորում պետք է անցնի կամ ինչ արտոնագիր ստանա` անձնական օգնական աշխատելու համար։ Բայց ես չեմ բացառում, որ կարող են ի հայտ գալ մարդիկ, ովքեր ցանկանում են նման ծառայություններ մատուցել։ Նրանց պարագայում թրեյնինգները կօգնեն, բայց դա որպես պարտադիր պայման դնելն անընդունելի է։ Այդպես են կարծում նաև անկախ կյանքի եվրոպական ցանցի մեր գործընկերները»,– նշեց Ալավերդյանը։
Նշենք, որ նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈւՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։
Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։ Նախարարության հաշվարկով` այս պահին նման հնարավոր շահառուների թիվը 2450 է։