Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Թուրքիայի ԱԳՆ

Հայ-թուրքական սահման
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է «Ադրբեջանի հետ համակարգմամբ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, որոշ քայլեր են ձեռնարկվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են թուրքական լրատվամիջոցները։
«Այդ գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Հայաստանում դա որոշակի մտահոգություն է առաջացնում, բայց մենք ժողովրդավարական երկիր ենք։ Որքան էլ երկկողմ լինի կարգավորման գործընթացը, անհրաժեշտ է, որ մենք բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության համար»,–ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն վստահեցրել է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը «անկեղծ են»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր` հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա։
Այսօր, սակայն, ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Ուլուսալ» հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրներին, գրել էր` երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին` Կարս քաղաքում։