ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Գազի ներկրման վերաբերյալ Բաքվի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը չի հակասում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«Խոսքը վերաբերում է էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, որը Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է հուլիսի 18-ին։ Չենք կարծում, որ նմանօրինակ փաստաթուղթը հակասում է փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին», - ասել է Նեչաևը։
Նրա խոսքով` ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչպես և ում հետ զարգացնի հարաբերությունները, այդ թվում` նավթագազային ոլորտում։
Նեչաևը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը զգալի առաջընթաց է գրանցել սոցիալ-տնտեսական զարգացման առումով, ինչը պայմանավորված է նաև միջազգային ներդրողների կողմից Բաքվի նկատմամբ հետաքրքրությամբ։