ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Գեորգին, հայտարարել է, որ բժիշկները կլինիկայում գտնվող եղբորը 17 տարբեր ախտորոշումներ են տվել, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Նա իրեն շատ թույլ է զգում։ Պարզվել է, որ վերջին օրերի ընթացքում նրան ևս 3 ախտորոշում են տվել։ Մենք ակնկալում ենք, որ օտարերկրյա փորձագետներ կժամանեն նրան զննելու համար, և հնարավորինս արագ կկազմակերպվի նրա տեղափոխումը արտասահմանյան կլինիկա: Եթե չեմ սխալվում, նա ունի 14 ախտորոշումներ և վերջին օրերին ավելացել է ևս 3-ը»,–ասել է Գեորգի Սաակաշվիլին։
Նրա խոսքով` եղբայրը փաստացի չի սնվում, իսկ կլինիկա ընդունվելուց հետո արդեն 11 կիլոգրամ նիհարել է։
Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել։
Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել բանկիրի սպանության և պատգամավորին ծեծի ենթարկելու գործով։ Քաղաքական գործչին մեղադրում են նաև սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները մսխելու և 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու մեջ։