Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել. Պավլիկ Մանուկյանի կինը դիմել է Դավթյանին

Պավլիկ Մանուկյան
Պավլիկ Մանուկյանի կինը նշում է, որ ամուսինը բավականին բարդ վիրահատության է ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի կինը` Մարինե Մանուկյանը, դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, որպեսզի ամուսնուն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ օրեր առաջ ամուսնուն «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Այսօր կալանավայրում այցելած փաստաբանի մոտ ամուսնուս բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար: Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում և համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը»,– գրել է Մանուկյանը։
Նա դիմել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին` հորդորելով ամուսնուն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհեց ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման դատապարտվեց 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։
Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվեց։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրին ազատության մեջ։
Այս տարվա մայիսին խմբի մի քանի անդամներ, այդ թվում` Պավլիկ Մանուկյանը, ձերբակալվեցին։