Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայից առաջ վարկանիշով զբաղեցնում էր 12-րդ տեղը։ Բացի այդ մեր ընտրանու կազմում օլիմպիադայում իրենց նորամուտն էին նշում մարզիչ Արման Փաշիկյանն ու շախմատիստներ Սամվել Տեր- Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը։ Թիմն Օլիմպիադայում առաջին անգամ հանդես էր գալիս առանց գրոսմայստեր Լևոն Արոնյանի։
Հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը Sputnik Արմենիային մանրամասներ է պատմել։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
- Գաբրիել, շատերը չէին հավատում, որ Հայաստանի հավաքականը կարող է տեղ գրավել լավագույն եռյակում։ Սակայն մրցաշարի ընթացքը ցույց տվեց, որ մենք կարող ենք պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։ Ինչպե՞ս է հաջողվում պահել թիմային ոգին։
-Իրականում ինչ-որ գաղտնիք չկա։ Մենք շատ հանգամանորեն էինք պատրաստվում Օլիմպիադային, և բացի այդ մեր հավաքականում շատ լավ շախմատիստներ են ընդգրկված։ Օլիմպիադայի մեկնարկից առաջ և ընթացքում բոլորս էլ տրամադրվում էինք մեր պարտիաներին, նույնիսկ այն շախմատիստը, որը որ պետք է հանգստանար, մասնակցում էր նախամրցումային նախապատրաստությանը։ Շատ մեծ ցանկություն կար հաջողության հասնելու, ու ամեն ինչ արվում էր դրա համար։
-Մրցաշարի մեկնարկը տպավորիչ էր մեր թիմի կատարմամբ։ Մրցումային վեց օրերից մենք վեց թիմային հաղթանակ էինք տոնել, ու արդեն պարզ էր, որ կարող ենք պայքարել ոչ միայն մրցանակային տեղի, այլ չեմպիոնության համար։ Այդ ժամանակ ինչ-որ ճնշում կա՞ր թիմի շախմատիստների վրա, թեկուզ հոգեբանական։
-Իհարկե։ Մենք շատ էինք ուզում լավ արդյունքի հասնել, միևնույն ժամանակ գիտակցում էինք, որ վարկանիշով 12-րդն ենք։ Բացի այդ մինչև 20-րդ վարկանիշ ունեցող թիմերից մեզ շատ քիչ միավորներ էին բաժանում։ Այսինքն` մեզանից հետո էլ հավասար հնարավորություններով թիմեր էին։ Շատ ուժեղ կազմ ունեին Հնդկաստանի երկու թիմերը, ԱՄՆ-ի հավաքականը։ Ութ տուրերից հետո մենք հաղթել էինք 7 մրցամարտերում և մեկում էլ ոչ-ոքի արդյունքի հասել։ Իհարկե հաղթանակներից հետո վստահությունը մեծանում էր, բայց բարձրանում էր նաև լարվածությունը։ Կարելի է ասել, որ մրցաշարում մենք հիմնականում առաջատարի դերում էինք։
Ուզբեկստանի հավաքականից կրած պարտությունը, իմ կարծիքով, ավելի շատ հոգեբանական իրավիճակի հետևանք էր։ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը շատ լարված էին։ Նրանք իրենց խաղատախտակների վրա իրենց մրցակցից ուժեղ էին։ Քանի որ ես սևերով խաղում էի ուզբեկների առաջատար Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, ու իմ պարտվելու հավանականությունը մեծ էր, մեր շախմատիստները 3-րդ ու 4-րդ խաղատախտակի վրա պետք է հաղթանակի հասնեին։ Ցավալի էր, որ առաջին և երկրորդ խաղատախտակների վրա մենք լավ արդյունքի հասանք ոչ-ոքի խաղալով, բայց պարտվեցինք մյուս խաղատախտակների վրա։
-Նման մրցաշարերում ընդունված է, որ առաջին խաղատախտակի վրա հանդես է գալիս թիմի առաջատարը։ Այսինքն` այդ խաղատախտակի վրա հաղթելը երկկողմանի դժվար է։ Ստացվում է, որ թիմի հաղթանակն ապահովվում են մյուս խաղատախտակների վրա հանդես եկող շախմատիստները։
- 2006 և 2008 թվականների շախմատային օլիմպիադաների ժամանակ, երբ մենք չեմպիոն դարձանք, ես մի դեպքում հանդես եմ եկել չորրորդ, մյուս դեպքում էլ` երրորդ խաղատախտակի վրա ու ունեցել եմ +7 արդյունք, ինչը առաջին խաղատախտակի վրա գրեթե հնարավոր չէ։ Մոտեցումն է տարբերվում։ Երբեմն որոշ թիմեր ուժեղ շախմատիստին հայտավորում են երրորդ կամ չորրորդ խաղատախտակի վրա շատ միավորներ վաստակելու համար։
-Գաբրիել, ասում ես, որ առաջին խաղատախտակում շատ դժվար է լավ արդյունքի հասնել։ Բայց վերջին հինգ տուրերում դու տոնեցիր չորս հաղթանակ՝ Ֆաբիանո Կարուանայի, Շահրիյար Մամեդյարովի, Պենտալա Հարիկրիշնայի ու Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և ոչ ոքի խաղացիր Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։ Ինչպե՞ս կբացատրես։
-Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ։ Ես արդեն երիտասարդ չեմ, ու իրականում մրցաշարերի վերջում շատ եմ հոգնում, ու ավելի շատ պետք է վատ արդյունքներ գրանցեմ։ Կարծում եմ` եթե անհատական մրցաշար լիներ, ինձ մոտ լավ չէր ստացվի։
Երևի իմ պատասխանատվությունը թիմի հանդեպ շատ կարևոր նշանակություն ունեցավ։ Ու այս թիմում տիրող հիանալի մթնոլորտն ու մոտիվացիան, որ միշտ բարձր էր պահում Սամվել Տեր- Սահակյանը, իրենց դերակատարումն ունեցան մեր արդյունքի վրա։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը Sputnik Արմենիայում
© Sputnik / Asatur Yesayants
-Մենք կարողացանք շախմատային Օլիմպիադայում իրենց նորամուտը նշող մի քանի շախմատիստով հասնել բարձր արդյունքի։ Ուզում եմ, որ խոսես մեր շախմատի ներկայի ու ապագայի մասին։
-Շախմատային Հայաստանը հաստատ ներկա ունի։ Ուրիշ տարբերակ չի էլ կարող լինել։ Շախմատ լավ խաղալը հայերին երևի ինչ-որ տեղ գենետիկորեն է փոխանցվել, ինչ-որ տեղ էլ մեզ համար ազգային խաղ է դարձել։ Երկար տարիներ շատ լավ աշխատանք է տարվել Հայաստանում շախմատի զարգացման համար։
Մենք ունենք նաև լավ սերունդ։ Օրինակ` Հայաստանի թիվ 2 և թիվ 3 շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Ես համոզված եմ, որ այս երկու շախմատիստները մեր հավաքականի կազմում կլինեն մոտակա տասը տարիների ընթացքում։
-Հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանն ԱՄՆ-ի կազմում էր հանդես գալիս, բայց Հայաստանի դեմ մրցամարտին չմասնակցեց։ Դուք սպասու՞մ էիք, որ նա չի խաղա իր նախկին թիմակիցների դեմ։
-Մենք հույս ունեինք, որ չի խաղա։ Բայց միևնույն ժամանակ հասկանում էինք, որ կարող է և խաղալ։ Նա ԱՄՆ-ի կազմում հանդես է գալիս պայմանագրով ու կարող է որոշակի պարտավորություններ ունենալ։ Ավելացնեմ, որ Արոնյանը շատ բան է արել Հայաստանում շախմատի զարգացման համար, ու մեր հավաքականի նվաճումների, այդ թվում նաև այս Օլիմպիադայում փոխչեմպիոն դառնալու գործում նրա դերակատարումն անգնահատելի է։
Զրույցի վերջում Գաբրիել Սարգսյանը նշեց, որ երկար տարիներ շախմատային խաղատախտակի կողքին զգալով հայոց դրոշի առկայությունը, իրենք հպարտություն են զգում և ուրախ են, որ կարողանում են իրենց հաջողություններով ուրախություն պարգևել հայ ժողովրդին։
Հավելենք, որ Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը ներկայացել է հետևյալ կազմով՝ Գաբրիել Սարգսյան (վարկանիշը` 2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) և Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Գլխավոր մարզիչ՝ Արման Փաշիկյան։ Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն և վաստակեց արծաթե մեդալ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաև Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։