ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին որոշել է ընդհատել արձակուրդը և մասնակցել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով Ռուսաստանի կողմից գումարվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հայտարարել է Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Կապ եմ հաստատել քարտուղարության իմ գործընկերների հետ, նրանք հաստատեցին, որ պարոն Գրոսսին, հասկանալով այդ միջոցառման կարևորությունը, նկատի ունեմ ԱԽ-ի վաղվա նիստը, որոշել է ընդհատել արձակուրդը և հավանաբար վաղը Անվտանգության խորհրդում հանդես կգա զեկույցով»,- ասել է Ուլյանովը:
Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ Կիևի հարվածների կապակցությամբ օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայտ է ներկայացրել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները տեղեկացրել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։