Երևանում փառատոն կանցկացվի. միջոցառումը ՀՀ կբերի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների

Երաժիշտ
Փառատոնը կազմված է 14 համերգից: Երկացանկում հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Առաջին անգամ կայանալու է շատ հետաքրքիր մշակութային միջոցառում, որը կկազմի երևանյան մշակութային կյանքի մի մասը: Վստահ եմ՝ այն մեծ հետաքրքրություն է առաջացնելու թե՛ Երևանի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Կարծում եմ` փառատոնը կարող է դառնալ ամենամյա»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Փառատոնը կազմված է 14 համերգից: Երկացանկում հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններն են՝ Մոցարտ, Շուբերտ, Շոպեն, Չայկովսկի, Խաչատրյան, Մանսուրյան:
«Սիմֆոնիկ Երևան»-ը Հայաստան կբերի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների: Երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնի նպատակը ոչ միայն որակյալ երաժշտություն մատուցելն է, այլև կրթամշակութային առաքելությամբ դասականի տարածմանը նպաստելը:
«Համայնքային կրթամշակութային կենտրոնների ու երաժշտական դպրոցների սաները ևս մասնակից կլինեն այս փառատոնին: Մենք հնարավորություն կստեղծենք, որպեսզի մեր երեխաները շփվեն փառատոնի համար Երևան այցելած ճանաչված երաժիշտների հետ, որոնք նաև վարպետության դասեր կանցկացնեն, ինչը, վստահ եմ, լրացուցիչ խթան կլինի»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ջազի լեգենդը. ինչպես Կոնստանտին Օրբելյանի նվագախումբը նվաճեց ամբողջ աշխարհը