Առինջ գյուղում մի խումբ երիտասարդներ հարվածել են պարեկներին. 2 հոգու կալանավորել են

Պարեկային ծառայության ավտոմեքենա
Երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և թույլ չեն տվել, որ նրանք նստեն ծառայողական ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Առինջ գյուղում ծառայություն իրականացրած երկու պարեկներին հարվածելու կասկածանքով երկու անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ պարեկները, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելիս, լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ: Ոստիկանության ծառայողները հետևել են ավտոմեքենային և հասել Առինջ գյուղ, որտեղ նշված ավտոմեքենան շրջապատված է եղել շուրջ 10-15 երիտասարդներով:
Պարեկները հավաքվածներից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և, թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան, վնասել են այն։
23 վարորդ ոչ սթափ վիճակում է եղել ղեկին. ուժեղացված ծառայություն Երևանում
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն), 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (բռնություն գործադրելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկու պարեկները ճանաչվել են տուժող:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, որոնք Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 և 32 տարեկան:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին։ Սևան-Երևան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ և կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնություն գործադրելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու համար։
Հարբած վարորդը Երևանում գլխով հարվածել է պարեկին