Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանը այս տեմպերով 5-10 տարում կցամաքի. փոխնախարար

Ձկնաբուծարան
Արարատյան դաշտի ստորգետնյա «լիճը» Սևանից 10 անգամ փոքր է, բայց որակական հատկանիշներով գերազանցում է Սևանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի տարբեր կառավարություններ 2013թ-ից սկսած հայտարարել են Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ավազանը փրկելու անհրաժեշտության մասին։ Պետական ծրագրեր են իրականացվել, քրեական գործեր հարուցվել։ Շուրջ 10 տարի անց խնդիրը մնում է չլուծված։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ գործուն միջոցներ չձեռնարկելու դեպքում Հայաստանը կզրկվի խմելու ջրի իր ամենամաքուր ու ամենաապահով պաշարից, տնտեսությունն էլ` իր կարևորագույն ու արագ զարգացող ճյուղերից մեկից` ձկնաբուծությունից։
«Արարատյան ջրավազանը Արարատյան դաշտի տակ գտնվող այն թասանման հատվածն է, որտեղ տեղավորվում է 3.6 մլրդ խմ ջուր։ Ըստ պաշտոնական տվյալների` մենք այս պահի դրությամբ տարեկան ծախսում ենք 1.6 մլրդ խմ ջուր, սակայն ջրավազանը կարողանում է վերականգնվել ու տարեկան նորից հավաքել միայն 1.1 մլրդ խմ»,- խնդիրը թվային տվյալներով ներկայացրեց Գաբրիելյանը։
Այլ կերպ ասած` Արարատյան խորքային ավազանից ամեն տարի օգտագործվող ջրի ծավալից 0.5 մլրդ խմ-ն այլևս չի վերականգնվում, ինչը նշանակում է, որ 3.6 մլրդ խմ-ն վերջնականապես սպառելու համար Հայաստանին ընդամենը 7-8 տարի է մնացել։
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը` Սևանը, 32.5 մլրդ խմ է, այսինքն` Արարատյան ստորգետնյա «լիճը» Սևանից ընդամենը 10 անգամ է փոքր, բայց որակական հատկանիշներով գերազանցում է Սևանին։
«Աշխարհի ամենապաշտպանված, որակապես ամենամաքուր, ամենաանվտանգ ու ամենաստրատեգիական ջուրը այսօր մենք օգտագործում ենք ինչ-որ մի նպատակով։ Չեմ ուզում, որ ասեն` ՇՄ նախարարությունը դեմ է ձկնաբուծությանը, բայց պարզապես ուզում եմ, որ մտածենք` արդյոք սա՞ է այն ջուրը, որը պետք է օգտագործվի այս նպատակով»,- ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` ջրային անփոխարինելի այս ռեսուրսին ամենամեծ վտանգը սպառնում են Արարատյան դաշտում առկա` հատկապես մեծ խորություններ ունեցող խորքային հորերը։
Գաբրիելյանի հայտնած տվյալներով` այսօր Արարատյան դաշտում մինչև 365 մետր խորությամբ հորեր կան, այն դեպքում, երբ 20 մետր խորությունից ներքև գտնվում է արդեն ջրի այն շերտը, որը պետության հատուկ պահպանության կարիք ունի։ Իսկ մինչև 20 մետր խորության վրա գտնվող ջրերը գրունտային, դրենաժային ջրերն են, որոնք ազատ կարող են օգտագործվել ոռոգման և այլ նպատակներով։
Գայանե Գաբրիելյան
Նման խորը հորերը հիմնականում Արարատյան դաշտում` Արարատի ու Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններինն են, որոնք, ջրի արժեքավոր պաշարը երկրի ընդերքից հանելով, որոշ ժամանակ օգտագործում են, ապա թափում։
«Այսօր մենք ունենք ձկնաբուծարաններ, որոնք ջրի փակ շրջանառու համակարգ չեն կիրառում և, ինչպես արդեն ասացի, այդ մաքրամաքուր ջուրն օգտագործում են ձկնաբուծության մեջ, հետո այն գնում է դրենաժ ու գետի տեսքով հոսում դեպի համապատասխան ուղղություն (Արաքս գետով դեպի Թուրքիա. խմբ)»,- ասաց Գաբրիելյանը
Խնդրի լուծման նպատակով ՇՄ նախարարությունն առաջիկայում ձկնաբուծարանների սեփականատերերի մասնակցությամբ լայնածավալ քննարկում է կազմակերպելու։ Բացի այդ, Ջրային օրենսգրքում արդեն ամրագրված պահանջ է, որ խորքային հորերից օգտվող բոլոր ձկնաբուծարանները մինչև 2024թ-ը պարտավոր են ջրի փակ շրջանառության համակարգեր տեղադրել։

«Իմ տեղեկություններով` կան ձկնաբուծարաններ, որոնք արդեն տեղադրել են փակ կամ կիսափակ համակարգ, կան ձկնաբուծարաններ, որոնք ընդդիմանում են դրան, որովհետև դա պահանջում է որոշակի լրացուցիչ ներդրումներ, կան տեղեր, որտեղ դրա կարիքը չկա, եթե մենք խոսում ենք դրենաժային ջրերի մասին։ Իրենք էլ պետք է շատ լավ գիտակցեն, որ եթե ներդրում են արել 20-30 տարվա հաշվարկով, իրենց ներդրումը չի ունենալու ցանկալի արդյունավետությունը, քանի որ 5-10 տարի հետո մենք չենք ունենալու այդ ջուրը, եթե շարունակենք օգտագործել այնպես, ինչպես հիմա ենք օգտագործում»,- ասաց Գայանե Գաբրիելյանը։

Նշենք, որ Արարատյան դաշտի բնապահպանական խնդիրը սկսվել է 2006թ.-ից, երբ այս տարածքում միանգամից մեծ թվով ձկնաբուծարաններ բացվեցին, և ձկնաբուծությունը դարձավ Արարատի ու Արմավիրի մարզերի ջրօգտագործման ամենահզոր ռեսուրսը։
7 տարի անց` 2013թ.-ին, ձկնաբուծարանների օգտագործած ջրի ծավալը գերազանցեց կայունության շեմը, սպառումը գերազանցեց բնական վերականգնման չափը։ Արդյունքում արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշումը կտրուկ նվազեց։ Որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին: Ցամաքեց նաև Արարատյան դաշտը սնող Մեծամոր գետը։ Արարատի ու Արմավիրի մարզերի հազարավոր հեկտարների հողատարածքներ արտեզյան ավազանի անկման պատճառով զրկվեցին ոռոգման ջրից։
Արարատյան դաշտի ստորգետնյա ջրավազանի խնդրի մասին առաջին անգամ պետական մակարդակով խոսվեց 2013թ-ի հուլիսին։ Այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը ջրի անվերահսկելի օգտագործմանը միջամտելու խնդիր ունի։ Դրանից հետո մեկնարկեց խորքային հորերի հաշվառումը:
Պարզվեց, որ Արարատյան դաշտում շահագործվող 1379 խորքային հորերից միայն 467-ը ունեն ջրօգտագործման թույլտվություն, իսկ 912-ն ապօրինի են: Հարուցվեց քրեական գործ, որը տարիներ անց կարճվեց։
«Թավշյա հեղափոխությունից» հետո` 2019թ-ի օգոստոսի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության նիստում հայտնեց, որ այդ պահի դրությամբ գործող ավելի քան 200 ձկնաբուծարան ապօրինի գործունեություն է ծավալում, քանի որ ջրօգտագործման թույլտվություն ունեն, բայց դրանք ժամանակին ստացել են առանց պարտադիր փորձաքննության:
Ինչ վերաբերում է ձկնաբուծությանը, այն, ինչպես նախկին, այնպես էլ ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից տնտեսության կարևոր ոլորտ է հռչակված ու շարունակում է զարգանալ։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում ձկնաբուծության ու ձկնորսության ծավալները կազմել են 12 300 տոննա, ինչը 26 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։